ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը, ԱԺ-ում նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, մեջբերեց ՀՀ Սահմանադրության անփոփոխ հոդվածները։
Խաչատուրյանը նշեց, որ, ինչպես հետխորհրդային հանրապետությունների մի մասում, այնպես էլ Հայաստանում, մշտապես բուռն քննարկումների տեղիք է տալիս ժողովրդավարության և մեր տեղական պայմանների համապատասխանության հարցը. «Չպետք է մոռանալ, որ քաղաքական համակարգի ուժը ոչ միայն ու ոչ այնքան պետության հզորությամբ է պայմանավորված, որքան քաղաքացիական հասարակության ուժով, որը աղբյուր է՝ նոր առաջնորդների և ապագա ղեկավարների փոփոխության համար»։
Խաչատուրյանը, հիշեցնելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովդին, ասաց. «Իրականությունը գնահատելու համար կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընկալել, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերը բոլոր պետություններում, իրենց առավելություններով հանդերձ, ունեն որոշակի թերություններ։ Եթե այս կամ այն երկրում չեն իրականացվում և չեն ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պահպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող»։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումները պարտադիր կիրականացվեն միասին. «Մենք պետք է կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը և երկիրը տանել զարգացման ճանապարհով: Մենք կարիք ունենք իմաստնության, կայունության, միաբանության և վստահության»։ Այս առումով, ըստ նախագահի թեկնածուի, անհրաժեշտ է վերաիմաստավորել ներկան և ինքնակազմակերպվել՝ ստեղծելու արժանապատիվ ապագա:
Նա կարևորեց իշխանության թևերի ներդաշնակ աշխատանքնը, որոնք պետք է տեղավորվեն Սահմանադրության, օրենքների շրջանում. «Ոչ ոք չի կարող ոչ գերազանցել իր լիազորությունները, ոչ էլ թերանալ կամ ընդհանրապես չկատարել իր պարտականությունները»։
Իր ելույթը Խաչատուրյանն ավարտեց ՀՀ Սահմանադրության՝ նախագահի լիազորություններին առնչվող հոդվածները հիշեցնելով։