«Որևէ նշանակություն չունեն նախագահի լիազորությունները, եթե ուզում ես աշխատել»,- ասել է նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն՝ ի պատասխան ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ նախագահի սահմանափակ լիազորությունների մասին հարցին։
Նախագահի թեկնածուի խոսքով՝ «սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս՝ կայացնել նախագահի ինստիտուտը». «Պետք է հասկանալ, որ մենք ապրում ենք երկրում, որի կառավարման համակարգը խորհրդարանական է, և խորհրդարանի դերը գերակայող է պետական կառավարման որոշումների կայացման գործում։ Սա չի նշանակում, որ հանրապետության նախագահը այստեղ անելիք չունի»։
Խաչատուրյանի գնահատմամբ՝ «նախագահի թեկնածուն պետք է հաշվի առնի, թե որ երկրի նախագահ է ուզում դառնալ։ Նախագահի դերն ու լիազորությունները մեր Սահմանադրության շրջանակներում բավականաչափ են, որպեսզի ինքը լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»։
Խաչատուրյանն անդրադարձել է նաև նախագահի ընտրությունները բոյկոտելու՝ ընդդիմադիր խմբակցությունների որոշմանը. «Բոլոր դեպքերում, ես իրենց պահվածքն էլ եմ գնահատում՝ քաղաքական դիրքորոշում է։ Մնացած մանրամասները կփորձեմ հասկանալ, եթե իրենց հետ առիթ լինի հանդիպելու։ Ընդդիմությունն այսպես գուցե ուզում է ցույց տալ, որ խորհրդարանական մեծամասնության քաղաքական գործունեությունը լեգիտիմ չէ։ Այդպես չի, ես այդպես չեմ կարծում։ Ի վերջո, ԱԺ-ին ընտրել է ժողովուրդը, կա ընտրված իշխանություն»։