Քաղաքական

ՀՀ տնտեսության վրա ՌԴ նկատմամբ պատժամիջոցների դրական ու բացասական հետևանքները

ՀՀ տնտեսության վրա ՌԴ նկատմամբ պատժամիջոցների դրական ու բացասական հետևանքները

Ռուս-ուկրաինական հակամարտության այս օրերին ռուսական ռուբլու փոխարժեքը սկսել է կտրուկ նվազել: Մասնագետների պնդմամբ, ռուբլու արժեզրկումն իր հետևանքները կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա։ Այս թեմայով Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

- Այս օրերին ռուբլու տատանումը ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։

- Ռուբլու տատանումը Հայաստանի տնտեսության վրա կազդի երկու ձևով: Նախ՝ մեր առևտրային առաջին գործընկերը Ռուսաստանն է և՛ ներմուծման, և՛ արտահանման ծավալների տեսանկյունից։ Կան ընկերություններ, որոնք արտահանում են գինի, կոնյակ, չրեր, պահածոներ, հագուստ և այլ իրեր, ու իրենց արտահանման տեսանկյունից այդ գումարները չեն ունենա նախկին դրամական ծավալը։ Սա կբերի հայկական ընկերությունների եկամտաբերության անկմանը։ Բայց մյուս կողմից էլ հայկական ընկերությունները կունենան երկու ընտրություն՝ կամ պիտի շարունակեն թեկուզ այդ ցածր եկամտաբերության պայմաններում արտահանել Ռուսաստան, որպեսզի շուկաները չկորցնեն, քանի որ հակառակ դեպքում ռուսական ընկերությունները կարող են այլ մատակարարներ գտնել, օրինակ Թուրքիայից, Չինաստանից կամ այլ երկրնեից։ Եվ կա դադարեցնելու տարբերակը: Այս դեպքում արտահանողները պետք է հիմիկվանից մտածեն նոր շուկաների մասին։ Իրենք պետք է 3-4 ամսվա ընթացքում նոր շուկաներ գտնեն: Բայց այդ նոր շուկաները հնարավոր է դժվարություններ առաջացնեն ժամանակի առումով, վստահելիության առումով, սերտիֆիկատների առումով, քանի որ սննդի անվտանգության պահանջների հետ կապված տարբեր երկրներ տարբեր պահանջներ ունեն։ Ռուսաստանի շուկայի համար արդեն այս ընկերությունները գիտեին թե ինչպիսի փաստաթղթերով պետք է արտահանել ապրանքը։ Այնպես որ, առաջին հետևանքը՝ մեր արտադրողների եկամտաբերությունը կնվազի։

Երկրորդ՝ մեր քաղաքացիները այնտեղ աշխատելով բավական գումար են ուղարկում իրենց ընտանիքներին։ Քաղաքացիները գումարը ռուբլիով են բերում կամ փոխանցում, և համարժեքության առումով  դրամի վերածված արժեքը կլինի ավելի ցածր։ Այդ ընտանիքները, որոնք իրենց առողջապահական, կրթական և այլ խնդիրներն էին լուծում այս եղանակով, իրենք կդժվարանան, կհայտնվեն ավելի մեծ դժվարությունների մեջ, որովհետև այդ գումարներն իրենց ուղղակիորեն չի բավարարի։ Նաև մեր միգրանտները հնարավոր է ավելի շատ գումարներ չկարողանան ուղարկել, որովհետև հիմա Ռուսաստանում նաև աշխատանքի դժվարացում տեղի կունենա։ Իմ կարծիքվ աշխատատեղերի փակման հավանականություն կա, որը կբերի նրան, որ մեր միգրանտները կամ հարկադրված կլինեն աշխատել ավելի ցածր աշխատավարձով և  իրենց ընտանիքներին կուղարկեն ավելի քիչ գումարներ,  կամ էլ կվերադառնան Հայաստան։ 

Եթե առաջադիմական տեսանկյունից դիտարկենք, միգրանտները գալիս են տարվա վերջում հետո նորից են մեկնում, եթե իրավիճակը Ռուսաստանում սրվի, մինչև աշուն կամ ձմեռ ավելի վատանա, ապա միգրանտների մի մասը պարզապես չի էլ մեկնի, կմնա այստեղ։

Իհարկե Ռուսաստանի էկոնոմիկան կփորձի դիմակայել, որովհետև Ռուսաստանը կարողացել է 2014թ. մշակել բավական ռեզերվային ստաբիլիզացիոն ֆոնդ, որը կազմում է 630մլրդ դոլար, և փորձագետների կարծիքով այդ գումարն այնքան է, որ մոտ երկու տարի կփորձի Ռուսաստանին պահել այնպիսի վիճակում, որ երկիրը վատթարացման չգնա:

-Մեր տնտեսությունը պատրա՞ստ է դիմակայել այս տատանումներին։

- Իմ կարծիքվ, բոլոր դեպքերում քաղաքացիների աշխատատեղերի իմաստով մենք այս հանգամանքը կզգանք: Բոլոր դեպքերում մեր արտահանողները այդ խնդիրները կզգան, անկախ ամեն ինչից։ 

- Ըստ Ձեզ, երկա՞ր կտևի ռուբլու տատանումը։

- Դա պայմանավորված է երկու գործոնով՝  առաջինը, թե սանկցիաները որքանով են ճիշտ և դիպուկ մտածված, և արդյոք դրանք իսկապես կկարողանան խոցել Ռուսաստանի տնտեսությանը, որի դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանը շատ է պատրաստվել  և կդիմակայի։ Կարևորն այն է, թե Ռուսաստանի էկոնոմիկան ինչքանով արագ կփորձի վերականգնվել պայքարել այդ սանկցիաների դեմ, ինչպիսի իմունիտետ ունի ռուսական էկոնոմիկան։ Այսինքն որքան արագ կփորձի տեղական արտադրություններ զարգացնել, ԵԱՏՄ-ի ներսում ավելի մեծ առևտուր զարգացնել, այլ երկրներում գտնել գործընկերներ, գնալ Հնդկաստան, Չինաստան, Արգենտինա կամ դեպի մուսուլմանական երկրներ, օրինակ՝ Թուրքիա: Այսինքն այլընտրանքային ուղղիներ պետք է գտնի։ Ես տեսնում են դրա դրական հեռանկարը։ Այս պահից բոլոր պրոցեսները կարող են բերեն նրան, որ Ռուսաստանը ավելի ուշադիր լինի ԵԱՏՄ անդամների, այդ թվում Հայաստանի նկատմամբ, և իր գործընկերային առևտուրը փորձի ԵԱՏՄ-ի ներսում անել։ Այս դեպքում կփորձեն իրեն օգել և առևտուրը խթանել: Սա կարող է դրական էֆֆեկտներ առաջացնել թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՏՄ երկրների, թե՛ Ռուսաստանի համար։ 

Էդիտա Խաչատրյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական