ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօրվանից անցել է լիազորությունների կատարմանը։
Փետրվարի 24-ին լրացավ ՄԻՊ պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։ Երեկ՝ օրվա վերջում, Թաթոյանը ՄԻՊ աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Աշխատակիցներն էլ նրա համար երախտագիր ու հուշամեդալ էին պատրաստել։
Այսօր արդեն ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը ՄԻՊ աշխատակազմին է ներկայացրել Քրիստինե Գրիգորյանին։
Վերջինս շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը բերել հաստատության կայացմանը։ Միևնույն ժամանակմ նորընտիր պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։
Նշենք, որ Գրիգորյանը Հայաստանի հինգերորդ ՄԻՊ-ն է։
ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2003թ․, երբ ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը։
ՀՀ առաջին ՄԻՊ-ը եղել է հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը. նա այդ պաշտոնում նշանակվեց 2004թ.՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։ Ալավերդյանը, սակայն, պաշտոնավարեց ընդամենը երկու տարի՝ 2006թ. նա հրաժարական տվեց։ Ալավերդյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքների նպատակով՝ հանրային գերակա շահի անվան տակ, իրենց տներից վտարված անձանց իրավունքների պաշտպանության հարցում, այդպես հարուցելով գործող իշխանությունների դժգոհությունը։ Հետևանքն էր այն, որ պաշտոնավարման ընթացքում Ալավերդյանը զրկված էր հեռուստաեթերից, ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ արգելել էր խորհրդարանում ներկայացնել տարեկան երկրորդ զեկույցը, ավելին՝ իրեն աշխատանքից ազատելու՝ նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո պաշտպանի գրասենյակը կողպել էին, և նա քաղաքացիներին ստիպված դռան առջև էր ընդունում:
ՄԻՊ պաշտոնում Լարիսա Ալավերդյանին փոխարինեց իրավաբան, 2001-2005թթ. սահմանադրական բարեփոխումների հարցով ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։ Սակայն 2011թ. փետրվարի 1-ին նա ևս հրաժարական ներկայացրեց՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ. նա ստանձնեց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը։
Թեև Հարությունյանը համարվում էր իշխանությունների «մարդը», սակայն այդ կարգավիճակում երկար չմնաց։ Արմեն Հարությունյանի համար փորձություն էին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները. դրանից հետո այն ժամանակվա նախագահ Քոչարյանի կողմից ստացավ «անհաջող կադր» որակումը։
2011թ. ՀՀ ՄԻՊ-ին ընտրեց խորհրդարանը. այդ պաշտոնում ընտրվեց իրավաբան Կարեն Անդրեասյանը։ 2016թ. հունվարին, երբ լիազորությունների ավարտին մնացել էին ամիսներ, Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց: Նա հրաժարականի հետ կապված մեկնաբանություններ չտվեց։ Սակայն մինչ այդ նախորդել էր ՄԻՊ-ի սկանդալային զեկույցը՝ դատական համակարգում կոռուպցիայի և կաշառակերության մասին։
2016թ. փետրվարին ԱԺ-ն ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում ընտրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին։ Նկատենք, որ Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների միակ պաշտպանն է, որ պաշտոնավարեց մինչև լիազորությունների ավարտը։ Թաթոյանի գործունեությունը ևս միանշանակ չէր ընդունվում իշխանությունների կողմից, չնայած՝ նրա պաշտոնավարման վեց տարիների ընթացքում ամենատարբեր իրադարձություններ տեղի ունեցան՝ ապրիլյան պատերազմ, 2018թ. իշխանափոխություն, կորոնավիրուսի համավարակ, տավուշյան սահմանային բախումներ, 44-օրյա պատերազմ, ետպատերազմական ներքաղաքական զարգացումներ և այլն։
Ի դեպ, մինչև ՄԻՊ ընտրվելը ՀՀ արդարադատության փոխնախարար է եղել նաև Քրիստինե Գրիգորյանը։ Արդյո՞ք նա ևս կկարողանա պաշտոնավարել մինչև լիազորությունների ավարտը, թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Էդիտա Խաչատրյան