Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում էր ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Նկատենք, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև չկան հաստատված դիվանագիտական հարաբերություններ։
Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ Հայաստանի և Սաուդիան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով վերջին տարիներին ակտիվացել են բարձր մակարդակի քննարկումներն ու շփումները. «Այս համատեքստում հարկ է ընդգծել անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահի՝ էր-Ռիադ այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ կայացած հանդիպումը և, բոլորովին վերջերս, Մյունխենի անվտանգության հանձնաժողովի շրջանակներում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը»։
Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերություններում սպասվելիք զարգացումներին, ԱԳՆ-ից նշեցին. «Հայաստանը երբևէ վերապահում չի ունեցել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում։ Գոհունակությամբ պետք է նշել, որ այդ առումով դրական ազդակներ կան նաև սաուդական կողմից»։