Քաղաքական

Եթե ՆԱՏՕ-ն միջամտի, կստացվի երրորդ համաշխարհային պատերազմ

Եթե ՆԱՏՕ-ն միջամտի, կստացվի երրորդ համաշխարհային պատերազմ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալվող ռազմական գործողությունների և դրանց հետևանքների մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

- Պարոն Պողոսյան, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները հնարավո՞ր է վերածվեն լայնամասշտաբ պատերազմի, թե՞ ոչ։

- Այսօրվա դրությամբ՝ լուրջ կամ ոչ լուրջ պատերազմ չկա։ Հիմա Ռուսաստանը կրակում է կոնկրետ ռազմական օբյեկտների վրա։ Դա էլ է նոր մոտեցում, որը, եթե զուգահեռ անցկացնենք, շատ նման է նրան, թե ինչպես, Թուրքիայի ղեկավարությամբ, Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա։ Ռազմական գործողությունների առումով՝ չեմ պատկերացնում, որովհետև նույն Բայդենն ասաց, որ իրենք չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ։ Միայն կօգտագործեն տնտեսական սանկցիաները։ Բայց այդ նույն սանկցիաները ունենալու են մեծ տնտեսական ներգործություն, որոնք թողնելու են լուրջ հետևանքներ։ Բոլոր պարագաներում դառնում է կորուստ։ Կորուստներն ու հետևանքներն արդեն ցավալի են։

- Ըստ Ձեզ՝ ՆԱՏՕ-ն կմիջամտի՞ ռազմական գործողությունների ընթացքին։ Եթե այո, ապա ո՞րը կլինի հետևանքը։

- Եթե ՆԱՏՕ-ն միջամտի, կստացվի երրորդ համաշխարհային պատերազմ։ Իմ պատկերացմամբ՝ նման զարգացում չի լինելու, որովհետև, կարծես թե, արդեն կան հայտարարություններ, որ խոսում են դրա մասին։ ՆԱՏՕ-ի՝ որոշում ընդունելու համար պետք է Դաշինքի բոլոր անդամները համաձայնություն տան։ Իսկ այսօր արդեն նույն Ամերիկան ասել է, որ չի մասնակցելու։ Իմ պատկերացմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ ոչ բոլոր երկրներն են կողմնակից լինելու Ռուսաստանի հետ ռազմական բաց առճակատման մեջ մտնել։

- Ռուս-ուկրաինական պատերազմում շահող կամ կորցնող կողմեր լինելու՞ են։

- Այս պատերազմում բոլորն են կորցնելու։ Հայաստանը՝ ևս։ Եթե մեր սփյուռքին որևէ վնաս պատճառվի, չե՞նք կորցնելու։ Կամ սանկցիաները Ռուսաստանի դեմ։ Հայաստանի ամբողջ տնտեսությունը ԵԱՏՄ-ի վրա է։ Ռուսաստանի տնտեսությունը եթե վատանա, այն անդրադառնալու է նաև մեզ վրա։ 
Կարճաժամկետ առումով, միգուցե, շահող կողմեր էլ լինեն, բայց երկարաժամկետը՝ դժվար եմ պատկերացնում, որ հաշվարկները բոլորին բավարարեն։ 

- Հայաստանը ի՞նչ դիրք պետք է զբաղեցնի ստեղծված իրավիճակում։

- Հայաստանը պատերազմի մեջ է։ Կլինի՞՝ Հայաստանը իր խնդիրներով զբաղվի։ Հայաստանի տարածքն այսօր օկուպացված է, Արցախը օկուպացված է։ Մենք մեր խնդիրները թողել և ընկել ենք աշխարհի խնդիրների մեջ։ Կամ Հայաստանը կատարելու է իր պարտավորությունները, եթե ՀԱՊԿ-ն ներգրավվի, կամ, եթե ներգրավման խնդիր չլինի, Հայաստանը պետք է կարողանա, իր շահերից ելնելով, իր հարցերի ետևից գնա։ Այ, երբ կգնանք մեր շահերի հետևից ու կունենանք ազգային իշխանություն, այդ ժամանակ, միգուցե, կարող ենք մտածել, թե ինչ դիրքորոշումներ և փաստեր կան։ Բայց հիմա ունենք իրականություն, թե ինչպես է Ուկրաինան բոլոր միջազգային հարթակներում միշտ քվեարկել Հայաստանի դեմ, զենք վաճառել Ադրբեջանին։ Մյուս կողմից՝ ունենք սփյուռք, որն այնտեղ բաժանված է, և մենք պետք է չորոշենք, թե որտեղի հայն է ավելի լավը։ Հայը բոլորինս է։ Այնպես որ, պետք է կարողանանք ճիշտ չեզոքությունը պահել և ամեն ինչ անել, որ որևէ իրավիճակում մի տեղի հայը մյուս տեղի հայի վրա չկրակի։

Լուսինե Գրիգորյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական