ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների այսօր կայանալիք հանդիպմանը. «Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993թ․ից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը: Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարևան երկրների, այնպես էլ տարբեր ձևաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրամիությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման և հարգման ուղղությամբ»:
Ըստ Արշակյանի՝ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը. «Մենք կողմնակից ենք և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության»: