Փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին 43 կետից բաղկացած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր։ Փաստաթղթի որոշ դրույթների մասին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանին կամ արցախյան խնդրին, Radar Armenia-ն զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
- Պարոն Սաֆրաստյան, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրն ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։
- Հռչակագիրը աշխարհաքաղաքական որոշակի փոփոխություններ է բերում մեր տարածաշրջանում։ Մինչև հիմա Ադրբեջանը հանդես էր գալիս որպես Թուրքիայի հավատարիմ դաշնակից, և երկուստեք ստորագրել էին Շուշիի հռչակագիրը, որը ենթադրում է շատ խորը ինտեգրում Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հիմա էլ Ադրբեջանը Ռուսաստանի հետ է ստորագրում հռչակագիր, որը ենթադրում է, որ երկու երկրների հարաբերությունները բարձրանում են դաշնակցային մակարդակի։ Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանն այլևս Ռուսաստանի միակ դաշնակիցը չէ մեր տարածաշրջանում։ Իհարկե, Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի խորն են, բայց Ռուսաստանը սրանով ձեռք է բերում նաև երկրորդ դաշնակից՝ ի դեմս Ադրբեջանի։ Երկրորդ՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Թուրքիայի ակտիվ ջանքերով, տեղի է ունենում դիմակայություն, Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դերը տարածաշրջանում։ Եվ Ռուսաստանը, դրան ի հակադրություն, հռչակագիր ստորագրելով Ադրբեջանի հետ, փորձում է Թուրքիային ավելի սահմանափակել տարածաշրջանում։ Այսինքն, այս երկու հանգամանքներն ավելի շատ կապված են Ռուսաստան-Թուրքիա հակամարտության հետ ու մեզ հետ չեն առնչվում։ Բայց հռչակագրում կետեր կան, որոնք վկայում են, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից էլ նշվում է, որ Արցախի հիմնահարցը դեռևս լուծված չէ։ Այսինքն, այս երկու հանգամանքը վկայում են այն մասին, որ դեռևս հնարավորություններ ունենք՝ հարցին արդարացի լուծում տալու համար։
- ՌԴ նախագահն ասաց, որ հակամարտությունն ամբողջությամբ լուծված չէ, բայց առաջ է գնացել լուծման մեջ: Մենք իսկապե՞ս առաջ ենք գնացել խնդրի լուծման մեջ։
- Մենք մեծ կորուստներ ենք ունեցել։ Կորցրինք Արցախի տարածքի զգալի մասը, նաև՝ մեծ մարդկային կորուստներ ունեցանք, մինչև հիմա դեռ լուծված չէ մեր ռազմագերիների խնդիրը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը անընդհատ մեր սահմանների վրա իրականցնում է սադրանքներ ու մեր սուվերեն տարածքից դուրս չի գալիս։ Դա մեզ հնարավորություն է տալիս այդ ձևակերպման հետ չհամաձայնել։ Արցախի հարցը դեռևս լուծված չէ, որի մասին ակնարկվում է նաև այս հռչակագրում։
- Ամբողջական լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
- Պետք է պայքարել՝ այդ հարցը դիվանագիտական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում լուծելու։ Այսինքն, հասնելու Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ընդունմանն ու հաստատմանը աշխարհի կողմից։ Ուրիշ ձևաչափ չունենք։
- Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։ Ըստ Ձեզ՝ տեսանելի ապագայում այս հարցում հնարավո՞ր է լուրջ տեղաշարժ։
- Կապուղիների ապաշրջափակումը կարևոր խնդիր է։ Իսկ թե երբ կլուծվի այդ խնդիրը, թե ընդհանրապես չի լուծվի, դա գործընթաց է, որը դեռ նոր է սկսվում։ Մենք դեռևս չենք կարող ասել՝ ինչ ընթացք կունենա։ Ամեն դեպքում, այն հիմա արդեն սկսվում է՝ բանակցությունների մակարդակով։
Լուսինե Գրիգորյան