Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը կողմերի պնդմամբ հարաբերությունների զարգացման նոր փուլ է ստեղծում: Radar Armenia-ն այս թեմայով զրուցել է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ։
- Ինչո՞վ էր պայմանավորված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երեկ ստորագրված «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի ստորագրումը։
- Դա, ըստ էության, փաստաթղթավորեցին այն հարաբերությունները, որոնք արդեն իսկ կային Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև իրական դաշնակցային հարաբերություններ էին դրանք՝ արդեն բավականին երկար ժամանակ, ինչի վկայությունն էր ոչ միայն այն, որ տարիներ շարունակ Ռուսաստանը մի քանի մլրդ դոլարի ժամանակակից սպառազինություն էր վաճառում Ադրբեջանին, այնպես էլ՝ պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ այդպիսի համագործակցություն կա։ Նույնիսկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ իրենք համատեղ օպերացիա են իրականացրել Արցախի պատերազմի ժամանակ։ Այսինքն, ուղղակի փաստաթղթային հիմքերի վրա դրվեց արդեն իսկ գոյություն ունեցող դաշնակցային համագործակցութունը։ Մեզ համար մտահոգիչ է հատկապես այն, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվեցին ոչ միայն ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև՝ չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Իսկ եթե Ռուսաստանի դիրքորոշումն է՝ Արցախը Ադրբեջան է, նշանակում է՝ եթե ոչ հիմա, ապա երեք կամ ութ տարի հետո Արցախում տեղի ունենալիքը նույնպես դիտարկվելու է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Սա է մտահոգիչը։
- Վլադիմիր Պուտինը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս, նշեց, որ հռչակագրի ստորագրումը հնարավոր դարձավ ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո, բայց ավելացրեց, որ հարցը ամբողջովին լուծված չէ։ Այսքանից հետո հարցի լուծումը ինչպե՞ս է լինելու։
- Այդ փաստաթղթի և, ընդհանրապես, միջազգային հանրության տրամաբանությամբ՝ հարցը կարգավորված չէ, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ, բայց ռուս-ադրբեջանական այդ փաստաթղթով ամրագրվեց, որ եթե իրենք տարածքային ամբողջականություն են ճանաչում, հետևաբար, կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ փաստաթղթով արձանագրված էր, որ դա է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ հիմա նաև Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։
- Վլադիմիր Պուտինը նշեց, որ սահմանազատման և սահմանագծման հարցում շարունակում են աջակցություն ցուցաբերել։ Ի՞նչ եք կարծում՝ այդ գործընթացի համար կա՞ն բավարար պայմաններ, թե՞ ոչ։
- Այս պահին չկան բավարար պայմաններ, որովհետև, նախ, սահմանազատման համար պետք է ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից, սա միանշանակ։ Երկրորդ՝ բոլոր հայ ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն Հայաստան։ Մի խոսքով՝ պետք է ստեղծվի նորմալ աշխատանքային մթնոլորտ, որովհետև սահմանազատումը, սահմանագծումը տևական աշխատանք է և չպետք է իրականացվի ուժի և սպառնալիքի ներքո։ Եթե դա չլինի, կլինեն կոնֆլիկտներ, բախումներ և, ի վերջո, ավելի կսրվի իրավիճակը։ Սահմանազատում, սահմանագծում, իհարկե, պետք է լինի, բայց ոչ այս պայմաններում, դրա համար պետք են բարենպաստ պայմաններ։ Եթե Ռուսաստանը ասում է, որ ցանկանում է աջակցել, ապա, առաջին հերթին, աջակցութունը պետք է լինի այն, որ դրա համար բարենպաստ միջավայր ստեղծի։
- Կողմերը խոսել են (հռչակագրում էլ դրույթ կա) տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդման մասին, բայց որևէ խոսք չկա գերիների վերադարձի մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Ինձ համար դա փոքր-ինչ անհասկանալի և տարօրինակ էր, որովհետև գերիների և պատանդների վերադարձը նախատեսված է Եռակողմ համաձայնագրով, կողմերից մեկն էլ Ռուսաստանն է։ Այսինքն, Ռուսաստանն է նաև պարտավոր ձգտել, որ դա իրականանա։ Այնպես չէ, որ դա միայն հայ-ադրբեջանական խնդիր է։ Այս խնդրի կարգավորումը նախատեսված էր Եռակողմ փաստաթղթով։
- Իսկ, ըստ Ձեզ, ապաշրջափակման գործընթացը դեռ երկա՞ր կձգձգվի, թե՞՝ ոչ։
- Կարծում եմ՝ երկար կձգձգվի, ես լավատես չեմ այդ հարցում և այնպես չէ, որ դա միանշանակ տեղի է ունենալու։ Որովհետև, լայն իմաստով, ընհանուր ապաշրջափակումը տարածաշրջանում պետք է միայն մեզ, իսկ Ադրբեջանին պետք է միայն Մեղրիով անցնող հատվածը, որովհետև այլ հարցերում նրանք դրա կարիքը պարզապես չունեն։ Բուն Ադրբեջանը Թուրքիայի հետ՝ Վրաստանի տարածքով, կապվում է, ճանապարհ ունի, և Նախիջևանը Թուրքիայի հետ կարող է շատ հեշտությամբ ճանապարհ ունենալ, և մնում է միայն Մեղրիի հատվածը։ Այսինքն, Ադրբեջանին այդ հատվածն է պետք, մեծ հաշվով, ուստի չեմ կարծում, թե դա անպայման տեղի կունենա։ Շատ հավանական է, որ, այդ խայծը օգտագործելով, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից անընդհատ ինչ-որ զիջումներ կորզեն։
- Ալիևը ակնարկում էր, որ Հայաստանը իր զորքերը պետք է դուրս հանի Արցախի տարածքից։ Ինչպե՞ս եք պատկերացնում նման սցենարը։ Նա նաև հղում էր արել 2020թ. եռակողմ հայտարարությանը. այդ հայտարարությունում կա՞ նման դրույթ, պահանջ։
- Այո, կա նման պահանջ, և Հայաստանը, ըստ էության, այդպես էլ անում է՝ պահանջը իրականացնում է, որովհետև Հայաստանի զորակոչիկները այնտեղից դուրս են գալիս, և նոր զորակոչիկներ այնտեղ չեն գնում։ Խնդիրը դա չէ, այլ՝ այն, որ Ադրբեջանը պահանջում է նաև ԼՂՀ ՊԲ վերացումը։ Դրա մասին նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ կետ չկա։ Հակառակը՝ այնտեղ գրված է շփման գիծ, իսկ շփման գիծ՝ նշանակում է, որ այնտեղ շփվողներ պետք է լինեն, և բնական է, չէ՞, որ այդ գծում շփվում են ադրբեջանական բանակը և ԼՂ բանակը։ ՊԲ մասին որևէ խոսք չկար։ Ադրբեջանի պահանջը անթույլատրելի է, նման բան չի կարող լինել, որովհետև առանց ինքնապաշտպանական՝ թեկուզ փոքրաթիվ ուժերի, Արցախի հայկական բնակչության անվտանգությունը հնարավոր չի լինի երաշխավորել՝ անգամ ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Առավել ևս, որ այդ խաղաղապահները միշտ չէ, որ այնտեղ են։
Անուշ Մկրտչյան