Երևանում մեկնարկել են «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։
«Եվրանեսթի» ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց. «Այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և Ադրբեջանից առցանց մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոխորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»։
Կարապետյանը նաև տեղեկացրել է՝ ««Եվրանեսթի» վեհաժողովի ընթացքում բարձրացվել է ինչպես գերիների և պահվող անձանց հարցը, այնպես էլ պատմամշակութային ժառանգության հարցը։ Իմ նշած օրակարգի թեմայի շրջանակներում այդ երկու հարցերը շոշափվել և ներկայացվել են»։ Սակայն այս թեմաներով որևէ փաստաթղթի ընդունում նախատեսված չէ։
Կարապետյանի խոսքով. «Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»։
Հիշեցնենք՝ Մարինա Կալյուրանդն իր ելույթում նշել էր, թե «ձեր փոխարեն ձեր խնդիրները լուծել չենք կարող»։ Նա նաև հիշեցրել էր, որ ԵՄ-ն դեռ չի ճանաչել ԼՂ պատերազմի արդյունքները. «Մենք շատ պարզ ասել ենք, որ պատերազմը հարցերի լուծման ուղի չէ, եթե ուզում ենք կայուն, երկարաժամկետ խաղաղություն, դրան պետք է հասնել երկխոսության միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո»։