Քաղաքական

Ո՞ւր են 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում

Ո՞ւր են 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորների ելույթներին։

Եղոյանը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նշել է, թե այն չի ավարտվել, որքան էլ ադրբեջանցի պատգամավորները ջանում են համոզել՝ իրենք իրենց և մյուսներին․ «Ես չեմ հիշում, թե քանի անգամ ադրբեջանցի կոլեգաները կրկնեցին՝ փորձելով համոզել իրենք իրենց, թե կոնֆլիկտն ավարտվել է: Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունն ավելի ու ավելի է խորանում»։

Եղոյանն անդրադարձավ նաև ադրբեջանցի պատգամավորի՝ սեփական երկիրը որպես բազմամշակութային ներկայացնելու հայտարարությանը. «Ուզում եմ հասկանալ՝ եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այն 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում, ինչո՞ւ նրանք չկան։ Ադրբեջանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է փոխի հայկական եկեղեցիների վրայի գրառումները՝ դարձնելով այն աղվանական։ Ես, իհարկե, լավ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը»։

Ըստ Եղոյանի՝ խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ:

Ադրբեջանի ներկայացուցիչ Սոլթան Մամադովն էլ այս առնչությամբ նշեց, թե իրենք պատերազմ չեն ուզում: Ըստ նրա՝ իրենց այցը երկու երկրների միջև հարաբերությունների համար օգտակար քայլ է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական