Քաղաքական

«Մեզ դաժան դիմակայություն է սպասվում». Միքայել Հայրապետյան

«Մեզ դաժան դիմակայություն է սպասվում». Միքայել Հայրապետյան

Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության թեմայով Radar Armenia-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։

- Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք վերաբերում Միութենական պետությանը ՀՀ միանալու հեռանկարին։

- Անկյուն քշված Պուտինն, անշուշտ, կմեծացնի ճնշումը, որ մեր պետությունը ևս մաս կազմի իր կայսերապաշտական զառանցանքին: Բնականաբար, պետականությունը որպես բարձրագույն արժեք ընկալող քաղաքացիս միայն բացասաբար և տագնապով կարող եմ վերաբերել դրան:

- Իսկ Հայաստանը ՌԴ-ից առաջարկ ստանալու դեպքում ի՞նչ պետք է անի։

- Դա չի լինի առաջարկ, կլինի ամենաուղղակի ճնշում՝ ընդհուպ մինչև ահաբեկչական: Հայաստանը պարտավոր է հնար գտնել՝ անխուսափելի, բայց ժամանակավոր դժվարությունների գնով անգամ չմիանալու պուտինյան հակաքաղաքակրթությանը:

- Այսինքն, կարող ենք ասել, որ Միութենական պետությանը հնարավոր անդամակցությունը մեր ինքնիշխանության դեմ կլինի։

- Անշուշտ, առանց այն էլ սահմանափակված մեր ինքնիշխանությունն է՛լ ավելի կնվազի: Հուսամ՝ մեր քաղաքական դասակարգը հնար կգտնի այդ խելահեղության ժամը հնարավորինս անկորուստ շրջանցելու համար:

- Իսկ կա՞ն հնարավորություններ այդ առաջարկից հրաժարվելու համար, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։

- Նախ՝ առաջարկը, հիմա՝ պահանջը, դեռ չի եղել։ Այսինքն, դեռ արագ գործելու ժամանակ ունենք: Երկրորդ՝ հնարավորություններից առաջինը ներազգային միահամուռ կամքի ցուցադրումն է և ոչ «քոչարյանլամիշ» լինելը։ Հաջորդը՝ Արևմուտքի և Իրանի հետ դիվանագիտական աննախադեպ աշխատանքներ գեներալացնելն է: Ավելին չբարձրաձայնեմ:

- Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձություններն արդյո՞ք կարող են արագացնել այդ գործընթացը։

- Ցավոք, այո, ուկրաինական օկուպացիան վիրավոր գազանին կստիպի արագացնել նոր միության զառանցական ծրագիրը: Մեզ դաժան դիմակայություն է սպասվում: Աստված խոհեմություն և բարոյականություն տա հիմնականում ռուսական ագենտուրա հանդիսացող մեր քաղաքական ընտրանուն:

Լուսինե Գրիգորյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական