ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Ըստ Ձեզ՝ ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը հանդես գալիս նման հայտարարություններով։
Պատասխանը պարզ է։ Սա միակ շանսն է, որպեսզի Քոչարյանը ընդհանրապես խոսի քաղաքականությունից։ Ես էլ չեմ խոսում՝ հույսեր փայփայի մասնակցելու ինչ-ինչ քաղաքական գործընթացների։ Նրա հույսը, ապավենը Ռուսաստանն է, Ռուսաստանի հետ հարաբերությունների, այսպես կոչված, խորացումը, ինչի համար էլ նա հրապարակային հայտարարություններ է անում։ Իր դիրքը ամրապնդելու համար են այդ քայլերը. ուրիշ ոչ մի խնդիր չկա։
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի՝ հնարավոր գործոն դառնալու լուծումներից մեկը համարում է միութենական պետության մաս կազմելը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, հնարավո՞ր է նման հեռանկար։
-Բնականաբար, դա Հայաստանի համար ուղղակի անընդունելի է և անպատկերացնելի։ Իսկ թե ով և ինչի համար է նման հայտարարություններ անում, դրա լավագույն և պերճախոս վկայությունն է։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չեն կարող վերահսկել իրենց կողմնակիցների սոցցանցային ակտիվությունը և հուսով է, որ նույնը նաև երրորդ նախագահի մոտ է, ում հետ նա լայնածավալ շփումներ չունի։ Ի՞նչ էր նշանակում սա, արդյո՞ք սա խոսում է նրանց միջև հակասությունների մասին։
-Ես կարծում եմ՝ այդ հարցի լավագույն հասցեատերը Սերժ Սարգսյանն է՝ իր կողմնակիցների հետ, և ես չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսում տվյալ պարագայում օրվա «գլխավոր հերոսը»։
Անուշ Մկրտչյան