Լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել էր որոշ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով ԲԴԽ ներկայացված միջնորդություններին։
Անդրեասյանն ասել էր, թե երբ քիչ են վարույթներ հարուցում, մեղադրում են նրա մեջ, որ իշխանությունը չի ուզում մաքրել դատական համակարգը։ Երբ շատ են վարույթներ հարուցում, հայտարարում են, թե գործադիրն ընկել է դատավորների հետևից, ճնշում է։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, թե գործընթացները պետք է ընթանան մեկ միասնական տրամաբանության մեջ. «Հաշվի առնելով Հայաստանի անցած դժվար և երկար ճանապարհը՝ պետք է կարողանալ կիրառել անցումային արդարադատության ողջ գործիքակազմը։ Դա չարվեց, և հիմա ցանկացած գործողություն, որն իրականացվում է դրվագային, կարող է տպավորություն ստեղծել, որ կա խտրական վերաբերմունք առանձին անձանց նկատմամբ։ Գուցե այդ դատավորները, ում նկատմամբ վարույթներ կան, իսկապես ունեն խնդիրներ օրենքի հետ կապված»։
Ըստ Նինա Կարապետյանցի՝ փաստը, որ գործողությունները ներկայացվում են հատ առ հատ, արդեն իսկ խնդրահարույց է. «Ժամանակին կար հնարավորություն, գոնե 2018թ., երբ խորհրդարանը վերջնականապես ձևափոխվեց, կար փորձված գործիքակազմ. հանրությանը հետևողականորեն ներկայացվում էր նաև անցումային արդարադատության բացասական փորձը։ Կարծում եմ՝ այս իշխանություններն առհասարակ ցանկություն չունեն նման փոփոխությունների գնալու։ Սա էլ պատճառն է, որ ուղղակի տպավորություն ստեղծելու համար առանձին, իրավիճակային լուծումներ են առաջարկում, ու դա, բնականաբար, պետք է որ դիմադրություն առաջացներ դատական համակարգում և դժգոհություն՝ հանրության շրջանում»։