Քաղաքական

Արմեն Սարգսյանը թերի է հայտարարագրել ունեցվածքը

Արմեն Սարգսյանը թերի է հայտարարագրել ունեցվածքը

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նա Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի, հետևաբար, այդ թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:

Radar Armenia-ն փորձեց պարզել, թե Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին ի՞նչ գույք և եկամուտ է հայտարարագրել նախագահի պարտականությունները ստանձնելուց ի վեր։

Ա. Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2018թ. որպես նախագահ ներկայացրած հայտարարագրում որևէ անշարժ և շարժական գույք չի ներկայացրել։ Նա հայտարարագրել է միայն 5.4 մլն եվրո։ Ի դեպ, նա որևէ անշարժ ու շարժական գույք չէր հայտարարագրել նաև ավելի վաղ, երբ զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Արդեն 2019թ. Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք Երևանում և 1 տրանսպորտային միջոց։ 2019թ. դրությամբ Ա. Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 4.5 միլիոն ՀՀ դրամ, 265 հազար ԱՄՆ դոլար, 4.5 միլիոն եվրո, 201 հազար ռուբլի, 65 հազար ֆունտ ստեռլինգ։ 
Տարվա վերջում եկամուտները կազմել են 11.5 միլիոն ՀՀ դրամ, որը ստացել է ՀՀ նախագահի աշխատակազմից։ Եկամուտը ՎՏԲ բանկից կազմել է 105 հազար ՀՀ դրամ, Արդշինբանկից՝ 21 հազար ԱՄՆ դոլար։

2020թ. հայտարարագրում Սարգսյանը նշել է 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։ 2020թ. նրա դրամական միջոցները կազմել են 4.2 միլիոն եվրո, 300 հազար ԱՄՆ դոլար, 201 հազար ռուբլի, 7.3 միլիոն ՀՀ դրամ, 95 հազար ֆունտ ստեռլինգ։

ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվող եկամուտը կազմել է 12.2 միլիոն ՀՀ դրամ և 116 հազար ՀՀ դրամ՝ ՎՏԲ բանկից։ 

Հայտարարագրում Արմեն Սարգսյանի փոխկապակցված անձ նշված է միայն կինը՝ Նունուֆար Սարգսյանը։ Մինչև Սարգսյանի նախագահ դառնալը և պաշտոնավարելու առաջին տարին, նրա կինը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են մոտ 700 հազար եվրո։ 2019թ. Նունուֆար Սարգսյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ որպես համատեղ սեփականություն և 3 տրանսպորտային միջոց՝ տվյալ տարվա վերջում։ Դրամական միջոցները կազմել են 10 հազար ԱՄՆ դոլար, 658 հազար եվրո, 50 հազար ֆունտ ստեռլինգ գումար։

2020թ. ավարտին, որպես միանձնյա սեփականություն, Արմեն Սարգսյանի կինը հայտարարագրել է 1 անշարժ գույք և 3 տրանսպորտային միջոց։ Դրամական միջոցները կազմել են 125 հազար եվրո, 15 հազար ֆունտ ստեռլինգ, 220 հազար ԱՄՆ դոլար։ Ինչ վերաբերում է 2021թ. գույքին ու եկամուտների հայտարարագրին, Արմեն Սարգսյանն այն դեռ չի ներկայացրել։

Լուսինե Գրիգորյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական