ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Միրզոյանի խոսքով. «Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության որոշում իսկապես չկա։ Որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հանդիպման արդյունքներից»։
Նա խոսել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ փետրվարի 24-ին կայանալիք հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այս անգամ առարկայական քննարկումներ կսկսվեն, ինչ վերաբերում է առաջին հանդիպմանը, այն եղել է ճանաչողական բնույթի. «Պաշտոնական անկարայից եկող ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն այդպիսին են»։
Միրզոյանը նաև խոսել է ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով. «ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառությունը ստացել է կառավարության ծրագրում, որը հաստատվել է այս խորհրդարանի կողմից։ Այդ ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը։ Որպես ապացույց կարող եմ ասել ՀՀ վերջին նախաձեռնությունը Մարդու իրավունքների խորհրդում հերթական անգամ ցեղասպանությունների կանխարգելման բանաձև շրջանառության վերաբերյալ»։