Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Քննարկվել և հաստատվել են փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:
ԱԺ-ից տեղեկացնում են, որ նաև փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Մովսիսյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանին` Հրաչյա Հակոբյանը: