Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը»,- գրել է ՀՀ վարչապետը: